ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետն ամբողջությամբ աշխատել, եթե հաղթի ընտրություններում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը։
Ավելի վաղ Բայդենը Կոնգրեսին ուղղված նամակում շեշտել էր, որ ընտրապայքարից հրաժարվելու նպատակ չունի: Ամերիկացի առաջնորդը նաև գրել էր, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը պետք է փակի իրեն այլ թեկնածուով փոխարինելու հարցը, որպեսզի կենտրոնանա ընթացիկ նախընտրական մրցավազքի վրա:
Ամերիկյան ԶԼՄ-ները համակարծիք են, որ Բայդենն անհաջող ելույթ է ունեցել հանրապետական Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը Ատլանտայում: Քաղաքական գործիչներն ու լրագրողները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ում դեմոկրատների դոնորները դժգոհ են Բայդենի թեկնածությունից և փոխարինող են փնտրում:
Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: