ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ–ում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի միջև։
«Կողմերը քննարկել են նաև արտահանման խթանմանը և որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող»,– նշված է հաղորդագրությունում։
Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը` նշելով, որ այն կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։
Հիշեցնենք` Պապոյանը հուլիսի 7–9–ը գործուղվել է Ռուսաստան` մասնակցելու Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6–րդ նիստին։