Խրախուսել ներդրումները գիտության և ՏՏ ոլորտներում. Պապոյանը հանդիպել է ռուս գործընկերոջը

Գևորգ Պապոյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը հանդիպել են
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ անհրաժեշտ է բարենպաստ միջավայր ստեղծել նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը քննարկել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Պապոյանը Եկատերինբուրգ է մեկնել «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6–րդ նիստին մասնակցելու համար։ Ալիխանովի հետ հանդիպումը կայացել է այդ ցուցահանդեսի շրջանակում։
«Այսօր մենք իրական հնարավորություն ունենք քննարկելու մեր հարաբերությունները, համագործակցությունը և մեր երկրների զարգացման հեռանկարները տնտեսության և արդյունաբերության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, որն ապահովում է ապրանքների ներմուծման և արտահանման զգալի մասը։ Մենք տեսնում ենք, որ թվայնացումը, նորարարական տեխնոլոգիաները և կայուն արտադրությունը դառնում են ապագա արդյունաբերական զարգացման հիմքը։ Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ»,– ասել է Պապոյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացման համար՝ ապահովելու երկրի տնտեսությունների կայուն աճը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։
Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։
Պապոյանն ու ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը