ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «խելացի քաղաք» («սմարթ սիթի») նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ տարածատեղեկատվական միասնական ծառայությունը՝ GIS համակարգը, ընդլայնվում է։
Նրա խոսքով` այդ համակարգի (Երևանի քաղաքապետարանի գեոպորտալ) ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։
«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։
Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։ Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։