ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նամակում Կոնգրեսի դեմոկրատներին տեղեկացրել է, որ մտադիր է շարունակել մասնակցությունը նախագահական ընտրություններին:
«Ես ուզում եմ` դուք իմանաք, որ չնայած մամուլում (ու ոչ միայն) բոլոր շահարկումներին, ես հաստատակամորեն մտադիր եմ շարունակել մասնակցությունը մրցավազքին մինչև վերջ՝ մինչև Դոնալդ Թրամփի պարտությունը», – գրել է նա սոցցանցի իր էջում հրապարակված նամակում:
ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ վերջին 10 օրվա ընթացքում խոսել է կուսակցության առաջնորդների և ընտրողների հետ և լսել այն մտահոգությունները, որոնք զգում են մարդիկ, նրանց բարեխիղճ վախերն ու անհանգստություններն այն մասին, թե ինչն է վտանգված այս ընտրություններում։
Ամերիկյան ԶԼՄ-ները համակարծիք են, որ Բայդենի ելույթն անհաջող է եղել հանրապետական Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը Ատլանտայում: Այժմ քաղաքական գործիչներն ու լրագրողները խոսում են այն մասին, որ դեմոկրատները կարող են հրաժարվել Բայդենին առաջադրելուց և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով:
Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: