Իսրայելում բողոքի ակցիաներ են։ Շարժման մասնակիցները հուլիսի 7-ը կառավարությանը համազգային «դիմադրության օր» են հայտարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վաղ առավոտից հարյուրավոր ցուցարարներ սկսել են արգելափակել մայրուղիները երկրի տարբեր մասերում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ շարժման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալությունները։
Զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և տասնյակ այլ քաղաքներում:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցերեկը Թել Ավիվում ցույց կանցկացվի Իսրայելի աշխատավորների համընդհանուր ֆեդերացիայի շենքի դիմաց։
Ցույցերը գագաթնակետին կհասնեն կիրակի երեկոյան, երբ բազմահազարանոց հանրահավաքը կհասնի Թել Ավիվում կառավարական շենքերի համալիրին:
Նախատեսվում է նաև զանգվածային երթ դեպի Երուսաղեմում վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Այնուհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 250 պատանդ են վերցրել։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: