ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի իշխանության գալուց հետո Հայաստանի հետ հարաբերություններում շրջադարձային ոչինչ չի լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
«Հարավային Կովկասը Իրանի համար 2020թ–ից հետո դարձել է առաջնահերթություն, կարծում եմ` այս առումով փոփոխություն չի լինի։ Մեզ համար կաշկանդող է այն հանգամանքը, որ պատգամավոր եղած ժամանակ Փեզեշքիանը ունեցել է պրոադրբեջանական ելույթներ և հիմա էլ նրա ստեղծած կառավարությունում կարող են նման մարդիկ հայտնվել, բայց փոփոխություններ քաղաքական կուրսում միայն կառավարության որոշմամբ չեն կարող լինել»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ տարավ Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։
Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ): Իր քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս հանդես է եկել պրոդարբեջանական ելույթներով։
Իրանագետը կարծում է, որ ճիշտ չէ Փեզեշքիանին անվանել ադրբեջանցի, ավելի ճիշտ է օգտագործել «թյուրքախոս իրանցի» տերմինը, քանի որ Իրանի Սահմանադրությամբ էլ նշված է, որ նախագահ կարող է դառնալ միայն իրանցին։
«Իրանում ընդունված է, որ իրենք բոլորը իրանցի են, բայց մեկը թյուրքախոս, մյուսը` քրդախոս և այլն։ Այս դեպքում` Փեզեշքիանի հայրը թյուրքախոս է, մայրը` քրդախոս»,– նշեց նա։
Ըստ իրանագետի` կտրուկ չի փոխվի նաև Իրանի գլոբալ արտաքին քաղաքականությունը, չնայած որ Փեզեշքիանը բարեփոխական է, իսկ նրանք, ի տարբերություն պահպանողականների, Արևմուտքի հետ հարաբերություների կարգավորման ջատագովն են։
«Խնդիրն այն է, որ ԱՄՆ–ում էլ են ընտրություններ, ու եթե Թրամփը ընտրվի, Արևմուտքի հետ հարաբերություններում դժվար թե հաջողություններ լինեն: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նույն բարեփոխականները, տարիներ առաջ, երբ բանակցում էին Արևմուտքի հետ, դա չէր նշանակում, որ ռուսական կամ չինական կողմը անտեսված էր»,– նշում է իրանագետը։
Եվ առհասարակ, ըստ Ժաննա Վարդանյանի, Իրանում միայն կառավարությունը չի կարող արտաքին լուրջ փոփոխություններ անել։ Կառավարությունն ամբողջ համակարգի մի մասն է, արտաքին քաղաքական կուրսը մի քանի ինստիտուտներից է կախված, ու եթե մյուս ինստիտուտները չհամաձայնեն այն քաղաքականության հետ, որը կորդեգրի կառավարությունը, ապա ինչ-որ բան փոխելը շատ դժվար կլինի։
Ինչ վերաբերում է բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի անսպասելի հաղթանակին, ապա դրան ավելի շատ, ըստ իրանագետի, նպաստեց այն, որ պահպանողականները չկարողացան միավորվել ու միասին պայքարել։
«Ընտրապայքարի հենց սկզբից բարեփոխականները շատ լավ միավորվեցին Փեզեշքիանի շուրջ ու գործի դրեցին հմուտ մեթոդներ և քաղտեխնոլոգիաներ, իսկ պահպանողականների թիմում չկար այլևս Ռայիսիի նման մի թեկնածու, որ ընդունելի լիներ բոլորի կողմից, ու բոլորը հավաքվեին հենց նրա շուրջ»,– ասաց նա։
Նշենք, որ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին հունիսի 28–ին։ Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց անցողիկ շեմը, և նշանակվեց ընտրությունների 2–րդ փուլ։ Հուլիսի 5–ին կայացած 2–րդ փուլի արդյունքներով` հաղթանակ տարավ Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։
Իրանում նախագահի արտահերթ ընտրություններ նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները, հետևելով Սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին:
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է անցնեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին հանձնվելուց հետո 50 օրվա ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։