«Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհ մարվել է. նոր մանրամասներ

Հրշեջ մեքենան Երևանում. Արխիվային լուսանկար
Հայտնի է, թե ինչ վնասներ է կրել ՀԷԿ–ը հրդեհից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հրազդանի կիրճում գտնվող «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում երեկ բռնկված հրդեհը մարվել է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Այրվել են «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ»,–հայտնում են գերատեսչությունից։
Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանն էլ Sputnik Արմեիային հայտնել էր, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել։