ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակ էր. shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի դին։
«Հուլիսի 7-ին 00:35-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների` ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան Խաչատրյանի պատճառ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։
ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարեն Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։