ԱՄՆ-ն արգելափակում է «Աքքույու» ատոմակայանի գումարը, բայց նախագիծը շարունակվում է. Լիխաչով

Աքքույու» ատոմակայան
«Ռոսատոմի» ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի նախագծի իրականացման ընթացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն փորձում է ազդել Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծի վրա, կալանք է դնում դրա գումարների վրա, սակայն նախագիծը չի դադարեցվի, հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Փոխհաշվարկների համակարգը հարվածի տակ է։ Նրանք կալանում են գումարները: «Նրանք»՝ ամերիկացիները․․․Դե, նաև մանր-մունր բաներ են անում»,-ասել է Լիխաչովը լրագրող Պավել Զարուբինին «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի համար։
Մեկնաբանության տեսագրությունը հրապարակել է «Ռոսիա-1» հեռուստաալիքը։
«Բայց շները հաչում են, քարավանը գնում է»,-ավելացրել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծ է։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով (յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ) բոլոր չորս էներգաբլոկները շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան մոտ 35 միլիարդ կվտ/ժամ կարտադրի և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։
«Աքքույու» ԱԷԿ-ը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-տիրիր-շահագործիր» մոդելով։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ «Աքքույուն» համապատասխանում է ատոմային էներգետիկայի անվտանգության բոլոր ժամանակակից միջազգային պահանջներին։