ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվա առթիվ ժողովրդին ուղղված ուղերձի հիմնական նպատակը կառավարման նախագահական ձևին վերադառնալու անհրաժեշտությունն էր: Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանին նոր մայր օրենք է պետք: Վարչապետը նշել էր, որ գործող Սահմանադրության հիմնական խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ է գրված դրանում, այլև այն, թե ինչպես է այն ընդունվել:
«Կարծում եմ, որ Փաշինյանի հայտարարած հիմնական ուղերձը յուրօրինակ ակնարկ է, որ պետք է վերադառնալ նախագահական կառավարման ձևին։ Նա իրեն հաշիվ է տալիս, որ ներկայիս ընդդիմությունը դեռևս համապատասխան չէ, ուժ չունի հեղափոխություն իրականացնելու կամ հեղափոխության միջոցով իշխանությունը հեռացնելու համար, և դրանից պետք է օգտվել անձնական իշխանությունն ամրապնդելու համար։ Հայաստանը կվերադառնա կառավարման նախագահական համակարգին։ Ամենայն հավանականությամբ, խոսքն այդ մասին է», - կարծում է փորձագետը։
Քաղաքագետը երեք պատճառ է դիտարկում, թե ինչու է վարչապետ Փաշինյանը ցանկանում փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Առաջին հերթին, բացատրությունը, թե ինչու է Հայաստանի կառավարության ղեկավարը որոշել ակտիվացնել սահմանադրական բարեփոխումների հարցի առաջմղումը հենց հիմա, ըստ Աթաևի` պետք է փնտրել բողոքի ակցիաների համատեքստում («Տավուշը հանուն հայրենիքի»,– խմբ.), որոնք մշտական բնույթ են կրում Հայաստանում։ Բողոքի ակցիաների շարքը, որը նա բնութագրել է որպես «դանդաղ ընթացող հեղափոխություն», ցույց են տալիս, որ վաղ թե ուշ Փաշինյանը ստիպված է լինելու հեռանալ։ Եվ այդ առումով նրան նոր նախաձեռնություններ են պետք, որոնք հայկական հասարակության կողմից կընկալվեն որպես արմատական քաղաքական փոփոխություններ։
«Նման արմատական քաղաքական նախաձեռնություններին է վերաբերում Փաշինյանի հայտարարությունը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Իսկապես, դա գրավել է հայկական քաղաքական հասարակության, ընդհանրապես հասարակության ուշադրությունը։ Եվ, ընդհանուր առմամբ, արդիականացրել է այնպիսի քաղաքական դերակատարի, ինչպիսին Փաշինյանն է։ Նման ինքնարդիականացում է տեղի ունեցել», - նշում է Աթաևը։
Երկրորդ. վարչապետ Փաշինյանը, փորձագետի կարծիքով, ձգտում է ամրապնդել անձնական իշխանությունը Հայաստանում իշխող էլիտայի ներսում անուղղակի, լատենտ պառակտման ֆոնին։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը ցույց է տալիս իր հավատարմությունը այն ուղեգծին, որը հռչակվել է, երբ եկել է իշխանության։ Այսինքն, եթե նախկինում հայկական պետության արտասահմանյան դոկտրինում ամրագրված էր բազմավեկտորության սկզբունքը, ապա այժմ Հայաստանն, ըստ էության, անցել է միավեկտոր արտաքին քաղաքականության։ Մասնավորապես, այդ մասին վկայում են կառավարության ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման խորացման կուրսը հայկական քաղաքականության կարևորագույն, առանցքային ուղղություններից մեկն է։
Այն պայմաններում, երբ Ռուսաստանը հայկական տնտեսության իրական լոկոմոտիվն է, Հայաստանի ներկայիս քաղաքական իսթեբլիշմենթում ոչ բոլորին է դուր գալիս նախարարների ներկայիս կառավարության միավեկտոր, արևմտամետ քաղաքականությունը, ասում է Աթաևը։
«Այո՛, հիմա կան քաղաքական հավակնություններ, և վիրավորանքի գործոնը գերիշխում է հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում։ Բայց դա կանցնի: Ողջախոհ մարդիկ դա գիտակցում են: Ինչևէ, հայերը հնագույն քաղաքակրթություն կրող են, ուստի ես կարծում եմ, որ միավեկտոր քաղաքականության վնասակարության գիտակցումը ժամանակի հարց է», — ընդգծում է քաղաքագետը։
Եվ երրորդ` Աթաևը Փաշինյանի համար տրամաբանորեն ճիշտ է համարում հրաժարվել գործող Սահմանադրությունից՝ որպես նախկին իշխանությունների ժառանգություն, և հաստատել իր անձնական իշխանությունը՝ արդեն որպես նախագահ։
«Փաստորեն, նախագահական ձևից հեռանալը և խորհրդարանական կառավարման ձև կազմավորելը Փաշինյանի նախորդների ժառանգությունն է։ Փաշինյանի համար ոչ մի բացասական բան չէր լինի, եթե դրանք պարզապես նախորդներ լինեին։ Բայց նրանք քաղաքական ընդդիմախոսներ են, որոնք ներկայիս ներքաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններում պահպանում են ընդդիմադիր կուրսը։ Ուստի Փաշինյանի համար տրամաբանական է հրաժարվել այդ ժառանգությունից», - վստահ է նա։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական կամք՝ ստիպելու նոր Սահմանադրության ընդունումը։ Դա այնքան էլ հեշտ չի լինի անել, պետք է ինչ-որ ընթացակարգեր անցնել, բայց Փաշինյանը կդիմանա «ճնշմանը», վստահ է փորձագետը։
Աթաևը միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը «քաղաքական երկարակյաց» դառնալու քիչ շանսեր ունի։ Բանն այն է, որ հիմա անհանգիստ գործընթացներն ուղղակիորեն ազդում են Հարավային Կովկասի վրա, և Փաշինյանը ժամանակի պաշար չունի, ինչպես Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշում է Թուրքիայի, Ադրբեջանի գործոնների ազդեցությունը, որոնք աճում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, և Վրաստանի կողմից սառը վերաբերմունքը: Ընդ որում, ըստ քաղաքագետի, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Փաշինյանը վերջնականապես բարդացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Հայաստանից սկսեն հեռանալ տնտեսական խոշոր խաղացողները: