ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության և 1995 թ–ի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները ՀՀ ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին: ՀՀ Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել, և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը»,– ասված է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը։
Խաչատուրյանը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն և ամրություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը` զարգացում, հզորություն և բարգավաճում:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: