ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի–Sputnik. ԱՄՆ–ն տարածաշրջանում իր ներկայությունն ակտիվացնելով` այլ նպատակներ է հետապնդում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք չենք վստահում ԱՄՆ–ին։ Կարծում ենք, որ երբ «մեծ սատանան» մտնում է տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում ՝ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և անվտանգության ձգտման վրա հիմնվելու փոխարեն»,– ասաց նա։
Դեսպանը հավելեց, որ եթե ԱՄՆ–ն ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններից հանել այլ երկրներին, ապա նա ամենևին ինքնանպատակ չէ։
«Մենք ուզում ենք , որ համապարփակ խաղաղություն լինի։ Ցավոք սրտի, այդ «մեծ սատանան» (նկատի ունի ԱՄՆ–ին,–խմբ.) իր նպատակներին հասնելու համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Հաշվի առնելով «մեծ սատանայի» հարցում առկա փորձը՝ մենք շատ թերահավատ ենք նրանց կողմից հնչող կարծիքների և հայտարարությունների վերաբերյալ», - հավելեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանում չեն հավատում ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե իրենք ցանկանում են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարին։
«Տարածաշրջանում ցանկացած լարվածություն պետք է լուծվի հենց տարածաշրջանի երկրների ներսում։ Ցանկացած պատերազմ կազդի և հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար։ Հետևաբար, «3+3» ձևաչափը, որը ներառում է տարածաշրջանի երկրները, կարող է թույլ տալ հասնել երկարատև խաղաղության»։
Ըստ նրա` «3+3»–ը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական ասպեկտներով, այլև տնտեսական, առևտրային և այլ տեսանկյուններից։
Հիշեցնենք` «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։