Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարական է տվել

Ռիշի Սունակի կուսակցությունը պարտվել է ընտրություններում ՝ զիջելով Կիր Ստարմերի Լեյբորիստական կուսակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտարարել է` ընտրողների համար ելույթ ունենալով վարչապետի գրասենյակի դիմաց, որը գտնվում է Դաունինգ սթրիթում։
Նա ասել է, որ կհանդիպի թագավոր Չարլզ III-ի հետ, որպեսզի պաշտոնապես վայր դնի կառավարության ղեկավարի լիազորությունները:
«Ամբողջ ուժերս նվիրել եմ այս աշխատանքին, բայց դուք հստակ ազդակ եք տվել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխվի, և ձեր որոշումը միակն է, որ նշանակություն ունի», – ասել է Սունակը:
Նա նաև նշել է, որ կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, քանի որ ընտրություններում հաղթել է Կիր Ստարմերի Լեյբորիստական կուսակցությունը։
«Նման արդյունքից հետո ես կհեռանամ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ոչ միանգամից, այլ այն ժամանակ, երբ իմ իրավահաջորդի ընտրության համար գործնական միջոցներ կձեռնարկվեն», - ասել է նա։
Ոչխարները փախել են Ռիշի Սունակից. զվարճալի տեսանյութ
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սունակը Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակից հեռացել է «Երեկույթն ավարտված է, ճամպրուկներդ հավաքիր» վանկարկումների ներքո։
Բրիտանական խորհրդարանի ընտրություններն անցկացվել են հուլիսի 4-ին, հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը և կառավարություն ձևավորում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո լքելու է վարչապետի պաշտոնը: Նա զանգել է լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։