ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի– Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իմացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը Ուկրաինայում հրադադարի հեռանկարների և խաղաղ բանակցությունների և այն մասին, թե ինչ հաջորդականությամբ դրանք պետք է տեղի ունենան:
«Խաղաղությունն ինքն իրեն չի գա, դրա համար պետք է աշխատել։ Հենց խաղաղության հասնելու ուղիները ես այսօր քննարկել եմ պարոն Պուտինի հետ։ Ես ուզում էի իմանալ, թե որն է ամենակարճ ճանապարհը դեպի պատերազմի ավարտը: Ես ուզում էի լսել և լսեցի պարոն նախագահի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ. ինչ է նա մտածում այս պահին առկա խաղաղ նախաձեռնությունների մասին, ինչ է մտածում նաև հրադադարի և խաղաղ բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ կարելի է դրանք իրականացնել: ... Եվ երրորդ բանը, որ ինձ հետաքրքրում էր, պատերազմից հետո Եվրոպայի տեսլականն էր։ Շնորհակալ եմ պարոն նախագահին բաց և անկեղծ զրույցի համար», - ասել է Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։
Նա հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններ է վարել այն պահին, երբ Եվրոպային խաղաղություն է պետք։ Եվրոպան չի կարող իրեն ապահով զգալ Ուկրաինայի հակամարտության պատճառով, իրավիճակը սկսել է ազդել ԵՄ տնտեսական աճի վրա։
Օրբանը խոստովանել է` Կիև և Մոսկվա ուղևորություններից հետո հասկացել է, որ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից, շատ բան է պետք անել հակամարտության ավարտը մոտեցնելու համար: