ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ղրղզստանում իշխանության բռնազավթման փորձ են կանխել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեին: Իշխանության զավթումը ծրագրած խմբավորումը վնասազերծվել է։
«Քաղաքացիների անվտանգության ապահովմանն ու սահմանադրական կարգի հիմքերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում կանխվել է ապակառուցողական խմբի հակաիրավական գործունեությունը, որը նախատեսում էր իշխանության բռնի զավթում իրականացնել և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացում ստեղծել՝ քաղաքացիների մահերով ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպման միջոցով»,-ասված է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խմբավորումը ձևավորվել է կրիմինալ խմբերի գաղափարախոսությանը սատարող, ինչպես նաև կրոնական գաղափարախոսությունը մոլեռանդությամբ դավանող անձանցից: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում Ղրղզստանի չորս քաղաքացի ձերբակալվել է և տեղափոխվել մեկուսարան:
«Ձերբակալվածների բնակության վայրում և օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներում իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, հրազեն, զինամթերք, ռացիաներ, զրահաբաճկոններ, իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստներ, դրոններ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև այլ արգելված իրեր»,-մանրամասնել են պետական կոմիտեում:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ներկայում հետագա քննչական-օպերատիվ միջոցառումներն են իրականացվում, և խոստացել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ: