«Ավանդույթների ժառանգները». Արշակյանը և Վորոբյովը բացեցին ժողովրդական մշակույթի փառատոնը

Երկու երկրների խորհրդարանների փոխնախագահները մոտորանավակով շրջել են լճի ափով, այցելել են միջնադարյան վանք, «100 հարց մեծահասակներին» ձևաչափով շփվել ռուս և հայ երեխաների հետ:
Sputnik
Ռուսաստանի Դաշնության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Վոլոգդայի մարզում բացել են «Ավանդույթների ժառանգները» ժողովրդական մշակույթի 9–րդ համառուսաստանյան մանկական փառատոնը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
Արշակյանն ու Վորոբյովը, որոնք նաև ՌԴ ԴԺ և ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են, մոտորանավակով շրջել են Ֆերապոնտյան լճում, ինչպես նաև այցելել են Բելոզերյան վանք, որը ռուսական ճարտարապետական գոհարներից մեկն է:
Արշակյանը ողջունել է Հայաստանից ժամանած երեխաներին, որոնք առաջին անգամ են մասնակցում փառատոնին:
«Հիշողության գնացքը» հասավ Մինսկի. հայաստանցի դպրոցականներն ավարտեցին ճանապարհորդությունը
Փառատոնն անցկացվում է հուլիսի 4–7–ը «Կորաբելի Պրիոնեժյա» կադետական դպրոցի հիման վրա` դեկորատիվ և կիրառական արվեստի, բանահյուսության, ավանդական նավաշինության և այլ անվանակարգերով։ «Երիտասարդների շրջանում ժողովրդական ավանդույթների և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ավելացումը չափազանց կարևոր է իրական արժեքների ձևավորման համար»,– բացման ժամանակ ասել է Վորոբյովը:
Ինչպես նշել է Արշակյանը, Ռուսաստանն ու Հայաստանը մշակութային տարբեր ավանդույթներ ունեն, սակայն երիտասարդներին վերաբերող քաղաքականությամբ նման են: «Փառատոնն օգնում է բացահայտել տաղանդավոր երեխաներին, նպաստում է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը»,– ընդգծել է նա:
Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների փոխնախագահները երեխաների հետ շփվել են «100 հարց մեծահասակներին» ձևաչափով:
Փառատոնի կազմակերպիչներն են Ռուսաստանի լուսավորության նախարարությունը և Վոլոգդայի մարզի կառավարությունը՝ Դաշնության խորհրդի աջակցությամբ: Եզրափակիչի բոլոր միջոցառումները հեռարձակվում են փառատոնի էլեկտրոնային հարթակում: