«Արդյունավետ հանդիպում էր». Ալեն Սիմոնյանն ասել է` ինչ թեմաներից են խոսել ԱՄՆ սենատորի հետ

Ըստ ԱԺ նախագահի` Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, փոխադարձ այցերն էլ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ սենատորի Ռոջեր Ուիքերի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ինֆորմացիան։ Այս մասին Սիմոնյանը հայտարարեց ԱՄՆ սենատորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մեր հանդիպումը շատ արդյունավետ էր, անդրադարձ ենք կատարել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, իմ կողմից նշվել է մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիան»,– նշեց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ Ուիքերի հետ քննարկել է հայ–ամերիկյան համագործակցության` տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Խոսել են նաև հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին, և այդ համատեքստում Սիմոնյանը կարևորել է ԱՄՆ աջակցությունն ու ներգրավվածությունը։
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, փոխադարձ այցերն էլ, որ անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այդ հարաբերությունների համար։
Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ Ուիքերի այցը կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրություն է ստորագրել: