ԱՄՆ-ում դեմոկրատների դոնորները դժգոհ են Բայդենի թեկնածությունից և փոխարինող են փնտրում. FT

ԱՄՆ գգործող նախագահ Ջո Բայդենը բանավեճի ժամանակ (2024թ․ հունիսի 27). Ատլանտա
Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջատար հովանավորների շրջանում աճում է դժգոհությունը նախընտրական մրցավազքում գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունից: Նրանք փոխարինող են փնտրում ու Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերին և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին դիտարկում են որպես առավել նախընտրելի թեկնածուներ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով դոնորներից մեկին:
Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար:
«Դոնորների շրջանում հիասթափությունն աճում է ու ճնշումը մեծանում է, որ կենտրոնանան այնպիսի թեկնածուի որոնման վրա, որը կարող է հաղթել Թրամփին», - նշել է Նյու Յորքից դրամահավաքներից մեկը:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ դեմոկրատները դիտարկում են փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Բայդենին փոխարինելու գլխավոր թեկնածու: Պարբերականի տեղեկություններով՝ Ուիթմերն ու Նյուսոմը, հավանաբար, չեն մասնակցի նախընտրական մրցավազքին և կաջակցեն Հարիսին:
Որոշ դեմոկրատներ արդեն կոչ են արել Բայդենին դուրս գալ մրցավազքից: Կոնգրեսական Լլոյդ Դոգեթը Բայդենին հրապարակավ առաջարկել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ հօգուտ այլընտրանքային թեկնածուի: Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը «ինչպես միշտ սթափ վիճակում է» և չի պատրաստվում դուրս գալ ընտրություններից:
Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ քիչ է մնացել` քնի
Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ատլանտայում, Բայդենը անհաջող ելույթ է ունեցել՝ հապաղելով և դադարներ անելով: Բանավեճից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նրա կինը՝ Ջիլը, օգնում նրան իջնել աստիճաններից։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը, սակայն դա դժվար կլինի իրականացնել, եթե նա ինքնակամ չհրաժարվի մասնակցությունից:
Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: