Թուրքիայում հետ են կանչել ռադիոկայանի լիցենզիան, որի եթերում հիշատակվել է ցեղասպանությունը

Açık Radyo
Ռադիոկայանին ավելի վաղ տուգանել էին և եթերը 5 օրով փակել այն բանի համար, որ հյուրերից մեկը ապրիլի 24-ին հիշատակել էր ցեղասպանության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը «Açık Radyo» ռադիոկայանից հետ է կանչել հեռարձակման լիցենզիան: Այս մասին ասվում է ռադիոկայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Açık Radyo»-ն առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացել, սակայն ոչ պաշտոնական կարգով նրանց արդեն տեղեկացրել են խորհրդի` հուլիսի 3-ին կայացրած որոշման մասին։
Մայիսի 22-ին ռադիոկայանին տուգանել էին 189 հազար լիրայով (մոտ 5,4 հազար եվրո) և 5 օրով դադարեցրել եթերը: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ռադիոկայանը հրաժարել էր հերքել իր հաղորդումներից մեկի՝ «Açık Gazete»-ի հյուրի խոսքերը ապրիլի 24-ին հեռարձակված եթերում։ Հաղորդման հյուրը հայտարարել էր, որ 109 տարի առաջ տեղի են ունեցել տեղահանություններ և զանգվածային սպանություններ հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում, և այդ սպանությունները կոչվում են ցեղասպանություն:
Այդ ժամանակ խորհուրդը նաև նախազգուշացրել էր, որ մեկ տարվա ընթացքում կրկնակի «խախտման» դեպքում եթերը կփակվի 10 օրով, իսկ երրորդ անգամ ռադիոկայանից հետ կկանչեն լիցենզիան։ Այդուհանդերձ, հուլիսի 3-ին որոշվել է լիցենզիան հետ կանչել առանց թվարկված հիմքերից որևէ մեկի։ Ընդ որում` ռադիոկայանն արդեն կատարել է տուգանքի առաջին վճարումը, ինչպես նաև ենթարկվել է խորհրդի որոշմանը և փակել եթերը սահմանված 5 օրով։
«Ակնհայտ է, որ մենք մտադրություն չունենք անօրինական միջոցներով դիմադրել կայացված որոշմանը։ Մեզ համար անընդունելի է այն, որ մամուլի ազատության հասկացության մեջ մտնող արտահայտության հիման վրա պատրաստվում են հետ կանչել մեր արտոնագիրը»,-հայտարարել է ռադիոկայանի խմբագրական խորհուրդը՝ նշելով, որ պատրաստվում է բոլոր օրինական միջոցները ձեռնարկել այդ որոշումը բողոքարկելու համար։
Ռադիոկայանի անձնակազմը վստահեցնում է, որ այս կամ այն ձևաչափով շարունակելու է աշխատել լրագրության նույն հիմնարար սկզբունքներով, ինչ նախկինում:
Հայոց ցեղասպանության թանգարանը համիդյան ջարդերի մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել