ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25–26–ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով 4 մահացածների ընտանիքներին կտրամադրվի 1– միլիոնական դրամ աջակցություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հեղեղների հետևանքով ընդհանուր առմամբ 250 ընտանիքների 854 անդամներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։
«Առաջնահերթության կարգով ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման ենթակա է 4 զոհված անձանց ընտանիքներին վճարման համար նախատեսված 4 մլն դրամը, իսկ մնացած գումարը ենթակա է հստակեցման՝ հիմք ընդունելով մարզպետարաններ ներկայացված դիմումները և ընտանիքի անդամների թվի վերաբերյալ տեղեկատվությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։
Բացի այդ, Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 40 000 դրամ։
Նշվում է, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։