ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կանանց հավաքագրելու և Արաբական Միացյալ Էմիրություններում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի` 14 տարի հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ԱՄԷ–ում բնակվող այդ կինը, որը դեռ 2009 թվականի հունիսից հետախուզման մեջ է եղել, ՀՀ–ում հաշվառում չունեցող, 1965 թ. ծնված Ռ.Հ.–ն է։ Նա հայտնաբերվել է 2024 թվականի հունիսի 8–ին։
«ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով խումբ է գործել, և բացի Ռ.Հ.–ից, հանցավոր գործողությունները համակարգել են նաև Ն.Խ.–ն և Ա.Մ.–ն։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Հ.–ն 2006-2007 թթ. ընթացքում աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ հավաքագրել, այնուհետև Դուբայ քաղաք է փոխադրել թվով 5 քաղաքացու` ՀՀ տարբեր մարզերի բնակիչների։ Հանցավոր խմբի համակարգողը հավաքագրված կանանց փախուստը կանխելու համար վերցրել է նրանց անձնագրերը, օգտագործել է նրանց խոցելիությունը և առանց առողջությանը վնաս պատճառելու բռնություն է գործադրել։ Այդպիսով սպառնացել է կանանց և ներգրավել պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման ու տիրացել նրանց «վաստակած» գումարները։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ռ.Հ.–ին մեղադրանք է առաջադրվել մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով։ Նա կալանավորվել է։
Միջոցներ են ձեռնարկվում խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել Ա.Մ.-ին և Ն.Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Դեպքի առնչությամբ նախաքննությունն ավարտվել է։