ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Աստանայում գագաթնաժողովը սկսվել է միավորման կազմում Բելառուսի ընդունելության փաստաթղթերի ստորագրման արարողությունից։ Այսպիսով, Բելառուսը դարձել է «ՇՀԿ ընտանիքի» թվով 10-րդ անդամը։
Կազմակերպությունում նմանատիպ կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Բելառուսը ՇՀԿ–ին մասնակցում է 2010 թվականից` երկխոսության գործընկերոջ, իսկ 2015 թվականից` դիտորդի կարգավիճակով։ Սամարղանդում պետությունների ղեկավարների խորհրդի արդյունքներով 2022 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է ստորագրվել կազմակերպության անդամության ընթացակարգը սկսվելու մասին։ Բելառուսը միացել է ավելի քան 40 պայմանագրի։
Միջոցառմանը մասնակցում են Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Կատարի, ԱՄԷ-ի, Թուրքիայի և Թուրքմենստանի պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ՇՀԿ գլխավոր քարտուղարը և ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր տնօրենը: