ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Չոլպոն Աթայում կայացել է «Համագործակցության երեխաներ» միջազգային կրթամշակութային համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են համաժողովի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են դպրոցականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Համաժողովի կազմակերպիչները հավաստագրեր են հանձնել դպրոցականներին և շնորհակալագրեր` պատվիրակությունների ղեկավարներին:
Չոլպոն Աթայի համաժողովի համակարգող, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի Բիշքեկի մասնաճյուղի տնօրեն Նուրբեկ Սաթվալդիևի խոսքով` համաժողովի մասնակիցները ոչ միայն ցուցադրել են իրենց ավանդույթներն ու սովորույթները, այլև բացել են իրենց հոգիները:
«Մենք վստահ ենք, որ «Համագործակցության երեխաները» կմնան ձեր սրտերում։ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կհիշի ղրղզական հողի հյուրընկալությունը, որը կրկին կսպասի ձեզ»,-ասել է Սատվալդիևը։
Չոլպոն Աթայում ֆորումի անցկացման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Բախտիյար Կադիրովը պատմել է, որ կազմակերպիչները ձգտում էին նպաստել երեխաների միասնականացմանը բոլոր միջոցառումներում` կրթական, մշակութային, առողջարարական և այլն:
«Ձեզանից յուրաքանչյուրն ինչ-որ լուսավոր, լավ, հոգեհարազատ բան է նվիրել: Այդ ամենը սրտից էր բխում»,-նշել է Կադիրովը։
Համաժողովում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի ազգային ավանդույթներն ու սովորույթները:
Երեխաների համար անցկացվել են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական թրեյնինգներ, երաժշտական մրցույթներ, պոեզիայի երեկոներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Բացի այդ, դպրոցականներն այցելել են Չինգիզ Այթմատովի անվան «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոն:
Ղրղզստանի խորհրդարանի նախաձեռնած «Համագործակցության երեխաներ» համաժողովն անցկացվում է ամեն տարի` սկսած 2013 թվականից: Գոյության ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 700 դպրոցական։ Ծրագրի հիմնական նպատակը երեխաների և երիտասարդների դաստիարակության համար միջազգային հարթակի ստեղծումն է` բարիդրացիության և համագործակցության ոգով:
Կազմակերպիչներն են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշը (խորհրդարան)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: