ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և հուսով է, որ խաղաղության գործընթացի դրական դինամիկան կպահպանվի։ Թբիլիսիում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պատրաստ է նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը խաղաղության և կայունության պահպանման համար», - ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով` իրենք հայ գործընկերոջ հետ քննարկել են նաև տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները և նշել խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, որոնք երկար դարերի պատմություն ունեն։ Նա վստահ է, որ Միրզոյանի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին կողմ քվեարկելու համար (ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսին բանաձև է ընդունել, որը ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների` Աբխազիա և Հարավային Օսեթիա վերադառնալու իրավունքը։ ):
Վրացի նախարարն ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին վճռականորեն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի առևտրային գործընկերների 10-յակում և այն երկրների առաջին եռյակում, որտեղից ամենաշատ զբոսաշրջիկներն են գալիս։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում էր եղել 2022 թվականի մարտին։