Փաշինյանը գոհ է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բնույթից. նա ընդունել է Ռոջեր Ուիքերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ հանդիպմանը։
Փաշինյանն ընդգծել է` երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
«Վարչապետը նշել է, որ ԱՄՆ–ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը, և այդ առումով ընդգծել միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել ՀՀ–ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ է ժամանել հուլիսի 2–ին։