ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում Փաշինյանն ասել էր, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։
Դեսպանի խոսքով` ԵՄ–ն փորձում է աջակցել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
«Այդ աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև այդ գործընկերների պահվածքից։ Այնուամենայնիվ, ԵՄ–ն առավելագույն ջանքերն է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար»,– ընդգծեց Մարագոսը։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել. այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։
«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ–ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները»,– ասաց Մարագոսը:
Նա ավելացրեց, որ ԵՄ–ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար: