Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ

Անկախության օրվա առթիվ Բելառուսի մայրաքաղաքում անցկացված զորահանդեսի ընթացքում շարասյուններով անցել են բարեկամ պետությունների զորահանդեսային հաշվարկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Մինսկը Հայաստանին հրավիրել է, սակայն հայ զինվորականները չեն մասնակցել այսօր Բելառուսի անկախության օրվա և գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրման 80-ամյակի առթիվ անցկացվող զորահանդեսին։ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը «մտացածին» և «սուբյեկտիվ» է անվանել այն պատճառները, որոնք հետևանքով զորահանդեսային հաշվարկները Հայաստանից Մինսկ չեն ժամանել։
«Չնայած հայ ժողովրդի պապերն ու պապերի հայրերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը և Մեծ Հայրենական պատերազմին»,-ասել է Վոլֆովիչը լրագրողներին:
Քարտուղարի խոսքերով, այս առումով խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի ամենաառաջին օրերին դրա պաշտպանության համար ոտքի կանգնեցին 34 ազգությունների ներկայացուցիչներ: «Այն ժամանակ չէին առանձնացնում` դու հայ ես, թե ադրբեջանցի, ռուս, բելառուս կամ ուկրաինացի: Մեր պապերն ու նախապապերը միասին էին դիմադրում: Եվ նրանք դրեցին Մեծ Հաղթանակի հիմքը»,-ընդգծել է նա:
Բելառուսի մայրաքաղաքում Անկախության օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում շարասյունով անցել են բարեկամ պետությունների շքերթային հաշվարկներ, այդ թվում` Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:
Այսօր Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայկական կողմն անտեսել է նաև այս միջոցառման հրավերը։
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական պատվիրակությունն այս տարի չի մեկնի Բելառուսում հուլիսի 8-18-ը կայանալիք «Սլավյանսկի բազար» երգի ամենամյա փառատոնին:
Երկու երկրների պաշտոնյաների միջև լարվածությունն առաջացել է վերջերս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից հետո, որի ընթացքում նա, դիմելով Ալիևին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմն անվանել էր «ազատագրական պատերազմ»: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ Բելառուսի առաջնորդը խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Իսկ խորհրդարանում վարչապետը խոստացել է, որ ոչ ինքը, ոչ էլ այլ պետական պաշտոնյաներ այլևս չեն մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։