ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման պլանը կարող է ստորագրվել այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ բանակցությունների ընթացքում։
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և ՇՀԿ երկրների համագործակցության հեռանկարները ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Սագինտաևը նշել է, որ ներկայում ավարտվում է հուշագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախապատրաստումը:
Խոսելով «ԵԱՏՄ-ՇՀԿ» ձևաչափով հետագա փոխգործակցության հնարավորությունների մասին՝ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության պետությունների շահագրգռվածությունը տարածաշրջանում միջազգային տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ և կոնտեյներային փոխադրումների, բեռնափոխադրումների թվայնացման զարգացման գործում: Այս կապակցությամբ Սագինտաևն առաջարկել է առաջիկայում ՇՀԿ մասնակից երկրների տրանսպորտի նախարարների և ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի համատեղ խորհրդակցություն անցկացնել:
Կողմերը քննարկել են նաև ՇՀԿ կենտրոնակայանում «ԵԱՏՄ-ի օրեր» անցկացնելու մասին ԵՏՀ նախաձեռնությունը:
Մինն իր հերթին նշել է, որ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության գործոնը ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում ժամանակակից համաշխարհային ճարտարապետության մեջ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: