Աշտարակում թմրամիջոց իրացնող ամուսիններ են ձերբակալվել. տեսանյութ

«Կրիստալով» լցված, դատարկ և օգտագործված ներարկիչներ են հայտնաբերվել մի քանի անձանց մոտ։
Sputnik
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում թմրամիջոց իրացնող ամուսիններ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ թմրամիջոց ձեռք բերող, պահող և իրացնողը Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ է։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հունիսի 24-ին` ժամը 16։50-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվել են 3 տղամարդիկ։ Նրանք և նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենան տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված: Նա ասել է, որ զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է»,– նշված է հաղորդագրությունում:
Պարզվել է, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը կրիստալ են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալել են նաև այդ աշտարակցուն։
Նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել են օգտագործված 2 ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:
Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Աշտարակի Քասախի փողոցում և իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխվել բաժին: Րոպեներ անց նույն փողոցում ձերբակալվել է նաև նրա կինը:
Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվել են լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե 3 սրվակ և այլն:
Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Դատարանի որոշմամբ` Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: