ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող ևս 5 ըմբիշներ, բայց նրանցից միայն Գասպար Տերտերյանին հաջողվեց հասնել եզրափակիչ։
Մրցումային երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքներով 67 կգ քաշային կարգի եզրափակիչը մաքուր հայկական է լինելու։ Ոսկե մեդալը վիճարկելու են Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը և Ռուսաստանը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանը։
Տերտերյանը սկսեց գոտեմարտել 1/8 եզրափակիչից ու, հաղթելով նախ շվեյցարացի Ֆրից Ռեբերին, ապա քառորդ եզրափակիչում` հունգարացի Դավիթ Մանյիկին, անցավ կիսաեզրափակիչ, որտեղ գրագետ գոտեմարտելով ուկրաինացի Անատոլի Պասնակի դեմ հաղթանակի հասավ 4։0 հաշվով ու անցավ եզրափակիչ։
Իսկ ահա Էրիկ Տեր Մաթևոսյանը, հասնելով կիսաեզրափակիչ, պարտվեց, ու վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
Իսկ այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, որի մրցակիցն է լինելու թուրք Էնես Ուլկուն և գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը, որը բրոնզե մեդալը վիճարկելու է սերբ Մարկո Միլանովիչի հետ։