Ջոն Չուկասյանն ընդգրկվել է Ֆրեզնոյի երաժշտության փառքի սրահում և տարվա երաժիշտ ճանաչվել

Ֆրեզնո
Համույթը թողարկել է հինգ ալբոմ, որոնք պահվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան գրադարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ջոն Չուկասյանն ընդգրկվել է Ֆրեզնոյի երաժշտության փառքի սրահում (Valley Music Hall of Fame)։ Տեղեկությունը հայտնում է «Asbarez»-ը։ «Chookasian Armenian Concert Ensemble»–ի («Չուկասյան» հայկական համերգային համույթ) հիմնադիրն ու տնօրենը նաև տարվա երաժիշտ է ճանաչվել։
«Չուկասյանի հայկական համույթը վերջին 35 տարիներին մասնակցել է համերգների, փառատոների և հատուկ միջոցառումների Կալիֆոռնիայում, ԱՄՆ-ում և Արևելքում, ինչպես նաև Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում։
Չուկասյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է։ Նախքան Ֆրեզնո տեղափոխվելը նա ստեղծել է մերձավորարևելյան «The King Tut Revue» խումբը, ինչպես նաև հայկական «The Hye-lites of New York» և «Halvah-Jees» խմբերը։
Կնոջ՝ Բարբարայի հետ համույթ է ստեղծել, որը գտել ու ձայնագրել է Արևելյան և Արևմտյան Հայաստանի մոռացված երգերն ու պարերը։ Համույթը թողարկել է հինգ ալբոմ, որոնք պահվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան գրադարանում։
Փառքի սրահում են ընդգրկվել նաև Էվո Բլյուշտեյնը, Ջոն Քլիֆտոնը, Անն Համրեն և Մարիսա Օրդունոն: Նրանց պատվին միջոցառում կանցկացվի սեպտեմբերի 25-ին։
«Valley Music Hall of Fame» կազմակերպությունը ստեղծվել է Ֆրեզնոյում՝ Կալիֆոռնիայի հովտի նշանավոր երաժիշտներին, գրողներին, պրոդյուսերներին, պրոմոութերներին և մանկավարժներին մեծարելու համար:
Նպատակը տարածաշրջանի երաժշտական բազմազանության խրախուսումն է և մշակութային ժառանգության պահպանումը։
Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու