ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ մասնակցությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է։ Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ և կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետևյալն է. «Եղե'ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը»,– ընդգծեց նա:
Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա:
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը, որը, սակայն, Ադրբեջանի կողմից հակադարձվել է ՀՀ Սահմանադրության փոփոխության պատճառաբանությամբ:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է»,– հայտարարել է Խանդանյանը:
ԱԺ պատվիրակության ղեկավարը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։