Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը և վերահրապարակել հեռուստաընկերության պատրաստած հուզիչ տեսանյութը։
«Անելու ենք հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքնության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»,–գրել է Ստեփանյանը։
Տեսանյութում ասվում է, որ հեռուստաընկերությունն այսօր չունի տեխնիկական հագեցվածություն, տաղավարներ, բայց ունի կամք ու նվիրում ամեն ինչ նորից սկսելու համար։ Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողները միասնական ուժերով ստեղծել են «10–րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը, որի առաջին ծրագիրն Արցախ TV-ն է լինելու։
Արցախի հեռուստատեսությունն իր գործունեությունը դեռևս կծավալի սոցցանցերում` «Ֆեյսբուք», «Յութուբ», «Տելեգրամ»։