ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
ՀՀ Վայոց Ձորի մարզում գտնվող խաչքարերը
Նշվում է, որ Գնդեվազ գյուղում պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13–14 րդ դդ թվագրվող խաչքարը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները վերականգնում են Վայոց Ձորի մարզում գտնվող խաչքարերը
«Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13–17–րդ դդ թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ Վայոց Ձորի մարզում գտնվող խաչքարերը
Բացի այդ, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ ՊՈԱԿ–ից նաև հայտնում են, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։