Կապուղիների բացումը կնպաստի խաղաղությանը. Միրզոյանը` ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Արարատ Միրզոյանն ու Լազար Կեմենեսկուն
Լազար Կոմենեսկուին ընդունել են Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Տրանսպորտային կապուղիների բացումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը։ Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետհանդիպմանը։
Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նախագահությունը։
Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ Հայաստանի համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Միրզոյանի խոսքով` Հայաստանը հավատացած է, որ փոխկապակցվածությունը և կազմակերպության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցությունը շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ՍԾՏՀԿ հետ համագործակցությունը նաև կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն:
«Ուստի փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա»,– ասել է նախարարը:
Կոմենեսկուին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Փաշինյանը կարևորել է նաև կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում։ Նա հավելել է` ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ։
Լազար Կոմենեսկուն և Նիկոլ Փաշինյանը
Լազար Կոմենեսկուն էլ նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: