ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր նրանց հետ հանդիպել ու հանձնարարականներ է տվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը տեղում ծանոթացել է ծառայության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:
«Ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին, իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ կկիրառվի խիստ պատժամիջոց»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող քաղաքացիներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ, պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը:
Հիեցնենք, որ Ջրային պարեկային ծառայությունը Հայաստանոււմ իր աշխատանքը սկսեց 2023–ի դեկտեմբերին։