Ի՞նչ օգուտ կարող են տալ Արցախի ԱԱԾ ծառայողները Հայաստանին. նախկին պաշտոնյայի դիտարկումները

ԱԱԾ–ում կան հստակ չափորոշիչներ և պահանջներ, որոնց անձը պետք է բավարարի աշխատանքի ընդունվելու համար, այդ պատճառով էլ հիմա դժվար կլինի հստակ ասել, թե Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցներից քանիսը կհաղթահարեն այդ շեմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Եթե Արցախի ԱԱԾ նախկին ծառայողներն աշխատանքի անցնեն ՀՀ–ում, դա երկու կարևորագույն խնդրի լուծմանը կնպաստի` համակարգը կամրապնդվի այդ աշխատակիցների ներգրավմամբ, ինչպես նաև կլուծվեն այդ մարդկանց սոցիալ–կենցաղային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` Արցախի ԱԱԾ աշխատակիցներին, այդ թվում՝ ավագ սպաներին, հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում։
Համբարձումյանի խոսքով` խնդիրն արդիական է. Արցախի ԱԱԾ աշխատակիցներն այսօր հայտնվել են մի իրավիճակում, երբ ՀՀ–ում չեն կարող աշխատանք գտնել ըստ իրենց նեղ մասնագիտությունների, իսկ ՀՀ ԱԱԾ–ն էլ նրանց չէր ընդունում աշխատանքի։
«Բանն այն է, որ նրանց ՀՀ–ն տվել է փախստականի կարգավիճակ, որով Արցախի ԱԱԾ աշխատակիցը չի կարող ընդունվել աշխատանքի ՀՀ ԱԱԾ–ում. նա պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն։ Մինչդեռ այս պայմանն էլ բավարար չէ, որ անձը ըստ մասնագիտության, ըստ զբաղեցրած պաշտոնի, ըստ զինվորական կոչման աշխատանքի ընդունվեր։ Մինչ օրս ՀՀ ԱԱԾ աշխատանքի համար կարող էին դիմել միայն կրտսեր ու միջին խմբի պաշտոնի համար, մինչդեռ կառավարության այս որոշմամբ հիմա աշխատանքի կարող են անցնել նաև բարձր և ավագ խմբում ընդգրկված պաշտոնյաներ»,– նշեց նա։
Համբարձումյանը հիշեցնում է, որ Արցախի ԱԱԾ–ի գործընկերներն, ըստ էության, եղել են առաջնագծում, շփվել հակառակորդի հետախուզության, հակահետախուզական ուժերի հետ և այդ առումով մեծ փորձ ունեն կուտակած։
Բացի այդ, Արցախի ԱԱԾ աշխատակիցներից շատերը, նրա խոսքով, մասնագիտական ուսուցում անցած սպաներ են։
«Պետությունը բավականին մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի քաղաքացիկան անձը ստանա ԱԱԾ մասնագիտական համապատասխան կրթություն։ Այս պայմաններում մեծ կենսափորձ ունեցող Արցախի մեր գործընկերներին աշխատանից դուրս թողնելն ուղղակի անհանդուրժելի ճոխություն կլինի պետության համար»,– նկատեց ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը։
Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ–ում աշխատանք են գտել. ԿԲ նախագահ
Նա նշում է այն կարևոր ուղղությունները, որտեղ Արցախի ԱԱԾ աշխատակիցները կարող են անգնահատելի դեր խաղալ, դրանք են` կապի ոլորտը, ՏՏ անվտանգության հետ խնդիրները։
Համբարձումյանը չի ժխտում, որ ԱԱԾ–ում կան հստակ չափորոշիչներ և պահանջներ, որոնց անձը պետք է բավարարի աշխատանքի ընդունվելու համար, այդ պատճառով էլ հիմա դժվար կլինի հստակ ասել, թե Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցներից քանիսը կհաղթահարեն այդ շեմը։
Հավելենք, որ համապատասխան նախագիծը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով` հաստատման։