ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի մարզերից մեկը Բելգորոդի մարզի հետ համագործակցություն կսկսի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի դեսպանն այսօր աշխատանքային այցով եղել է Բելգորոդում: Առավոտյան նա հարգանքի տուրք է մատուցել ուկրաինական գնդակոծությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների հիշատակին։
«Իմ այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ստորագրված ծրագրի շրջանակում սկսել մշակել Բելգորոդի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև փոխգործակցության կոնկրետ ուղղությունները»,– մարզպետի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Հարությունյանը։
Կողմերը պայմանավորվել են մշակել համաձայնագրի մանրամասները։ Հարությունյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն նմանատիպ համաձայնագրեր ունի Ռուսաստանի շուրջ 70 տարածաշրջանի հետ, ինչը թույլ է տվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնել 2-2,5 անգամ:
«Այստեղ թաքնված է տնտեսական, մշակութային և գիտական զարգացման հսկայական ներուժ, որը մենք մտադիր ենք իրացնել»,– ասել է Հարությունյանը:
Մարզպետ Գլադկովը հավանություն է տվել առաջարկվող մոտեցմանը և հայտնել, որ Բելգորոդի մարզի կառավարությունում արդեն նշանակվել են այդ ուղղության պատասխանատուները: