ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկել են բանակային խաղերը, որոնց մասնակցում են բոլոր ուժային կառույցների ծառայողները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Նշվում է, որ դրանցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:
Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին: