«Խոխա»` արցախյան բարբառն ու շունչը պահելու համար. էլ ինչ ծրագրեր է իրականացնում կենտրոնը

«Խոխա» կենտրոնը Արցախում
Ծրագրերի մասնակիցները զոհվածների երեխաներն են, նրանց հետ հաճախ աշխատում են զոհված զինծառայողների մայրերը կամ պատերազմում վիրավորում ստացած տղաները, որոնք ուժի, պայքարի ու հայրենիքը սիրելու օրինակ են դառնում։
Sputnik
Արդեն մոտ երկու ամիս է՝ Երևանում գործում է «Խոխա» կենտրոնը՝ 3-6 տարեկան արցախցի երեխաների համար։ Կենտրոնի բոլոր փոքրիկներն Արցախյան պատերազմներում և Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունից զոհված արցախցիների երեխաներն են։ Նպատակը ոչ միայն նրանց անվճար հիմունքներով կրթելն է, այլև արցախյան բարբառը պահպանելը։ Իրականում «Խոխայի» պատմությունը դեռ Արցախից է սկսվել։
Երևանյան «Խոխա կենտրոնի սաները
2020թ․ 44-օրյա պատերազմից հետո հանրային կապերի մասնագետ Վաչե Վարդանյանը որոշեց Արցախ տեղափոխվել ու տեղում փոփոխություններ բերել։ Նրա ու մի խումբ կամավորների շնորհիվ սկիզբ առավ «Հայորդի» նախաձեռնությունը, որի նպատակն էր պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների համար տարբեր ծրագրերի իրականացումը։ Այդ ծրագրերից էր նաև «Խոխա» կենտրոնը, որն Արցախի սահմանամերձ երկու գյուղում հիմնեցին՝ 3-6 տարեկան փոքրիկներին անվճար նախադպրոցական կրթության հնարավորություն տալով։ Առաջին կենտրոնը 2021թ-ին․ բացվեց Մարտունու շրջանի Կարմիր Շուկայում, իսկ երկրորդն ավելի ուշ Կոլխոզաշենում արդեն պատրաստ էր երեխաներին ընդունելու, սակայն․․․
«Հայորդի» նախաձեռնության հիմնադիր Վաչե Վարդանյանը
«Երբ 2020-ին տեղափոխվեցի Արցախ, մտածում էի՝ մոտ 2 տարում կավարտեմ սկսածս գործը, որովհետև նոր պատերազմ չի լինի, նոր զոհվածների երեխաներ չեն լինի...Բայց հետո` պատերազմը պատերազմի հետևից, հասկացա, որ այս գործունեությունը շատ կարևոր է, ու դա ոչ 3, ոչ 5, ոչ էլ նույնիսկ 10 տարիների համար է։ Ցավոք, շարունակում ենք ունենալ զոհեր, ու ամեն զոհի հետևում ընտանիքի, երեխաների պատմություն է, մենք պետք է նրանց կողքին լինենք ոչ թե կենացներով ու խոսքով, այլ գործով։ Արցախի կորստից հետո ուզում էի հասկանալ՝ հանուն ինչի շարունակել, հասկացա՝ հանուն այն երեխաների, որոնք հայրենիքի համար կորցրել են ամենաթանկ մարդկանց»,- պատմում է Վաչեն։
Ասում է՝ «Խոխան» Երևանում հիմնելիս կարևոր սկզբունք ունեին՝ պահել գաղափարն ու ձևաչափը։ Արցախի բարբառով կենտրոնում երեխաները ստանում են առավելագույնը, առաջին հերթին՝ սեր։ Այստեղի աշխատակիցներն էլ արցախյան «Խոխայի» մասնագետներն են։ Այս պահին կենտրոն է հաճախում 40 երեխա, բոլորն Արցախից են և անվճար օգտվում են կենտրոնի բոլոր ծառայություններից, անգամ անհրաժեշտ պարագաներն են կենտրոնում տրամադրվում, ընտանիքը ոչինչ գնելու կարիք չունի։ Դասընթացներից բացի նաև տարբեր հետաքրքիր վայրեր են այցելում, օրինակ՝ ձիարշավարան, տարբեր կենտրոններ։
«3-6 տարեկան երեխաների մոտ, երբ նոր է սկսվում լեզվամտածողությունը զարգանալ, խնդիր է առաջ գալիս․ իրենց տանը խոսում են բարբառով, բայց մնացած բոլոր վայրերում՝ տրանսպորտում, դրսում, բակում, խոսում են այստեղի խոսակցական լեզվով։ Դա իրենք միևնույն է՝ սովորելու են, կարևոր է, որ արցախյան բարբառն ու շունչը չմոռացվի»,- բացատրում է Վաչեն։
Երևանյան «Խոխա» կենտրոնի սաներից մեկի տարեդարձն է
Երեխաների հետ նաև հոգեբաններ են աշխատում։ Ասում է՝ կային երեխաներ, ովքեր գաղթի ճանապարհի կամ կորստի սթրեսից չէին խոսում, չէին շփվում, հիմա արդեն բավականին փոխվել են, շփվում են, ուրախանում, պարում։ «Խոխա» հաճախել ցանկացող երեխաներն ավելի շատ են, բայց տարածքը փոքր է, քանի որ ֆինանսական միջոցներն այդքանին են բավականացնում։
Հիմա նույն շենքում գործում է նաև «Հայորդի» կենտրոնը՝ կրկին անվճար հիմունքներով, կրկին զոհվածների երեխաների համար, բայց այս դեպքում կենտրոն հաճախողները 6-16 տարեկան են, և ոչ միայն արցախցիները, այլև Հայաստանի տարբեր շրջանների բնակիչներ։ Կենտրոնում այս պահին 6 տարբեր խմբակներ են գործում՝ ձեռագործությունից մինչև երգ ու պար։ Առաջիկայում խմբակների թիվը կավելացվի մինչև 11, երեխաները նաև լուսանկարչություն, վիդեոնկարահանում կսովորեն, համակարգչային գիտելիքներ ձեռք կբերեն։
«Հայորդի» ճամբարը
Վաչեն շեշտում է՝ երեխաների հետ աշխատող 3 հիմնական մարդիկ իրենք էլ կորուստ ունեցող ընտանիքներից են, իրենց սեփական փորձով են օգնում երեխաներին հաղթահարել խնդիրները։
Այս ամենին զուգահեռ պատրաստվում են «Հայորդի» ամենամյա հայրենաճանաչողական ճամբարին, որը կրկին նախատեսված է զոհված անձանց երեխաների համար։
«Հայորդի» ճամբարը
«Ճամբարում բոլոր ջոկատավարները զոհվածների մայրերն են, տղա ջոկատավարները՝ վիրավոր տղաները։ Փորձել ենք նաև այդ մարկանց ներգրավել մեր աշխատանքում, իրենք հասարակության համար օրինակ են ծառայում, որ անկախ կորստի ցավից՝ մարդիկ կարողանում են ուժ գտնել իրենց մեջ, օգնել երեխաներին։ Սա նաև ուղերձ է՝ պետք է պայքարել և սիրել հայրենիքը»,- նշում է Վաչեն։
Այս 4 տարիների ընթացքում «Հայորդի» կենտրոն հաճախող երեխաները մոտ 1400-ն են։ Վաչեն ասում է՝ երբ մարդիկ այս թիվը լսում են, մտածում են՝ այս ամենի հետևում մեծահարուստ մարդիկ պետք է կանգնած լինեն, բայց ամբողջ նախաձեռնությունը սովորական մարդկանց նվիրաբերությունների շնորհիվ է իրականություն դառնում։
«Սա հերթական անգամ ապացուցում է՝ երբ քո գաղափարներն ազնիվ են, օգուտ են բերում հայրենիքին, ձեռք մեկնող մարդիկ գտնվում են»,- ասում է նա։
Ի դեպ, «Հայորդին» նաև զոհվածների ընտանիքներին է աջակցություն ցուցաբերել այս ընթացքում՝ փորձելով լուծում տալ նրանց կենցաղային տարբեր խնդիրներին։ Նախաձեռնությունը նաև «Մայրենիք» ծրագիրն է իրականացրել, որի շահառուներն էլ այն երեխաներն են, որոնք լույս աշխարհ են եկել հայրերի զոհվելուց հետո։ Ծրագրի շրջանակում մայրերին աջակցություն է ցուցաբերվել հղիության փուլից սկսած։
«Մայրենիք» ծրագրի շահառու
Մտքերն ու ծրագրերը շատ են, դրանց կարիքն ունեցող երեխաների թիվը՝ մեծ, իսկ հնարավորությունները՝ սուղ, ուստի «Հայորդին», որը նաև համանուն հիմնադրամ է, սիրով սպասում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այս բարի գործի մաս դառնալ։
Եթե դուք էլ ցանկանում «Հայորդի» բարեգործական հիմնադրամին աջակցություն ցուցաբերել, կարող եք փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարով՝ 11815042199803 (IDBank), ստացող՝ «Հայորդի» ԲՀ:
1 / 4

«Հայորդի» ճամբարը

2 / 4

«Խոխա» կենտրոնի սան

3 / 4

«Խոխա» կենտրոնի սան

4 / 4

«Խոխա» կենտրոնի սան