Հայաստանի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր 4 մեդալ նվաճեց` 1 ոսկի և 3 բրոնզ։
55 կգ քաշային կարգում Գագիկ Ղազարյանը եզրափակիչում գերազանց գոտեմարտ անցկացրեց ու 7։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևին` նվաճելով ոսկե մեդալը։
Ղազարյանն իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 10։0 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Մարիո Անանիևի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում 6։0 հաշվով պարտության մատնեց վրացի Գոգա Սուրմանիձեին, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 14։7 հաշվով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Զուրաբ Ալոիևին։ Կիսաեզրափակիչում Ղազարյանը ոչ մի շանս չտվեց բուլղարացի Էսադ Բոզալիին, հաղթեց 10։0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր բրոնզե մեդալակիր դարձավ Արմեն Պապիկյանը, որը 48 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնեց ռումինացի Դանիել Նեգրուին։
Բրոնզի արժանացան նաև 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը և 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։ Եղիշե Մոսեսյանը պարտության մատնեց ռումինացի Դավիթ Բոյչեյաին, իսկ Սահակ Հովյաննիսյանը` ադրբեջանցի Մուհամմադ Աբասզադային։
110 կգ քաշային կարգում Անդրանիկ Ջաղեթյանը երրորդ տեղի համար գոտեմարտում զիջեց թուրք Ուգուր Իրտեգունին։