ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը։ Տեղեկությունը հրապարակվել է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում։
Ֆրանսիական դիմադրության շարժման կարկառուն գործիչներ Միսաք և Մելինե Մանուշյանների մասին ֆիլմը հեղինակել է նրանց զարմուհին՝ Կատյա Կիրակոսյանը։
Նշվում է, որ ֆիլմը մանրակրկտորեն ուսումնասիրում է Մանուշյանների կյանքը՝ գեղեցիկ սիրո ու նվիրման ողբերգական պատմությունը և նրանց անձնվեր պայքարը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21–ին Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինեի աճյունները մեծ հանդիսավորությամբ ամփոփվեցին Փարիզի պանթեոնում։