ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Վերջին ժամանակահատվածում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հիվանդացության աշխուժացում։ Վերջին 14 օրվա ընթացքում (հունիսի 19-ի դրությամբ) արձանագրվել է հիվանդության 109 դեպք։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 դեպքով»,– ասված է գերատեսչության պատասխանում:
Նախարարությունից նաև հայտնում են, որ երկրում շարունակում է շրջանառության մեջ մնալ «Օմիկրոնի» JN.1 ենթատեսակը:
Միաժամանակ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների առումով կայուն իրավիճակ է, նույնիսկ վարակի դեպքերի նվազում է նկատվում։ Երկրում ընթացիկ ամսվա ընթացքում գրիպի ոչ մի շտամ չի հայտնաբերվել, սակայն շրջանառվում են ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչները:
Նախարարությունից նաև հայտնում են, որ Հայաստանում մինչ օրս չի արձանագրվել կապիկի ծաղիկով վարակվելու դեպք` նշելով, որ երկրում հիվանդության տարածման վտանգը ցածր է։
Հունիսի 24–ի դրությամբ ՀՀ–ում հայտնաբերվել է կարմրուկով վարակվելու 486 դեպք, որից 287-ը՝ մինչև 18 տարեկան անձանց շրջանում, իսկ 199-ը՝ 18 տարեկանից բարձր։
Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ կարմրուկի դեմ պատվաստումներ են նախատեսված 1 տարեկանից մինչև 4-6 տարեկան երեխաների համար: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չպատվաստված երեխաների ծնողներին դիմել պոլիկլինիկաներ: Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփում ունեցած և պատվաստանյութի 2 դեղաչափ չստացած անձինք: