ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հաղթել նախագահական ընտրություններում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ ես վերընտրվեմ ձեր օգնությամբ, ես գիտեմ, որ չեմ հեռացնի (նահանգապետ) Ռոյ Կուպերին Հյուսիսային Կարոլինայից», - ասել է Բայդենը նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում:
Նա նշել է, որ նախկինի նման հռետոր չէ, բայց գիտի՝ ինչպես ասել ճշմարտությունը։
«Ես նախկինի պես հեշտ չեմ քայլում, նախկինի պես սահուն չեմ խոսում, բայց գիտեմ, թե ինչպես ասել ճշմարտությունը», - ասել է Բայդենը։
Նա իր հիմնական քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփին անվանել է «իսկական սպառնալիք» երկրի, դրա սկզբունքների և ժողովրդավարության համար։
«Դոնալդ Թրամփը իրական սպառնալիք է այս ժողովրդի համար: Նա սպառնալիք է մեր ազատության, մեր ժողովրդավարության համար: Նա բառացիորեն սպառնալիք է բոլոր սկզբունքների համար, որոնք մենք պաշտպանում ենք», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Ամերիկյան լրատվամիջոցները համակարծիք են, որ Բայդենը վատ է հանդես եկել Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը Ատլանտայում։ Ամերիկայի ներկայիս նախագահը կակազել և ընդհատումներով է խոսել` հստակ չձևակերպելով իր մտքերը, և միջոցառման վերջում հեռուստատեսային տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ նրա կինը` Ջիլը, օգնել է Բայդենին իջնել աստիճաններով։
Բայդեն-Թրամփ երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։