Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը ներողություն խնդրեն արցախցիներից. «Միասին»

Նիկոլ Փաշինյան
Հայտարարությունում նշվում է, որ արցախցիներին մեղադրող արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման անդամները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին ասված է շարժման համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Փաշինյանը հունիսի 12–ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին–կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին:
««Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը և շարժման անդամ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց բողոքն են արտահայտում ՀՀ իշխանություններին՝ 12․06․2024թ․ ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի կողմից արցախցիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ, համաձայն որոնց` արցախցիները գործիք և նյութ են ընդդիմության ձեռքին, արցախցիներն ու արցախցի զինվորականներն իրենք են հանձնել Արցախը, վախկոտ լինելով` թողել և փախել են Արցախից»,– ասված է «Միասին» շարժման հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ մեղադրանքների սադրող և բացարձակ սուտ են։ Շարժումը պահանջում է հերքել դրանք՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։
Ընդգծվում է, որ նման արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու համար։
ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին