ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Եթե Իսրայելը ցանկանում է, որ իրեն միջազգային ասպարեզում ճանաչեն որպես բարոյական արժեքների լեգիտիմ պաշտպան, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին The Jerusalem Post-ի սյունակում գրել է թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Թամար Ուրիել-Բեերին։ Նա նշել է, որ հոդվածով հանդես է գալիս պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման կապակցությամբ:
Նա կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը օգուտ կբերի Իսրայելին, քանի որ կբարձրացնի նրա հեղինակությունն արևմտյան գործընկերների աչքում, իսկ երկիրն առանձնապես շատ բան չի կորցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո այն չճանաչած Իսրայելը դանդաղ, բայց հաստատապես արևմտյան երկրների շրջանում փոքրամասնության մեջ է մնում։
Հեղինակը կարծում է, որ պետք չէ վախենալ նաև Թուրքիայի հետ հարաբերություններում հնարավոր հետևանքներից` նշելով, որ Թուրքիան արդեն բավական երկար ժամանակ Իսրայելի դաշնակիցը չէ, հատկապես հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ին սատարող հայտարարությունները Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության կողմից:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա, հոդվածի հեղինակի խոսքով, ադրբեջանամետ հեղինակները հաճախ փորձում են Հայաստանին մեղավոր ներկայացնել ադրբեջանցիների դեմ դաժանությունների համար: «Երկու կողմերն էլ (և՛ հայկական, և՛ ադրբեջանական` խմբ.) փորձում են Իսրայելին և իսրայելական լրատվամիջոցներին համոզել յուրաքանչյուրն իր իրավացիությունը»,– գրում է Ուրիել-Բեերին:
Նա հիշեցնում է, որ Stockholm International Peace Research Institute կազմակերպության 2021 թվականին հրապարակված զեկույցի համաձայն` վերջին 5 տարում Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջան սպառազինության ներմուծման 69 տոկոսը։ Այնուհետև մեջբերվում է 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանի` The Jerusalem Post-ում տված հարցազրույցը։
Այն ժամանակ դեսպանն արձանագրել էր, որ Ադրբեջանն Իսրայելից միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Այնուամենայնիվ, դեսպանը հայտարարել էր, որ ինքը չի կարծում, որ Իսրայելը նպատակաուղղված հակահայկական քաղաքականություն է վարում։
Դրանից հոդվածագիրը եզրակացնում է, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների գլխավոր խնդիրն այն չէ, որ Իսրայելի իշխանությունները զենք են վաճառում Ադրբեջանին (իմանալով, թե ինչ ավերածությունների է դա հանգեցնում), այլ այն, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: