Ինչպես է ընթանում Իրանի նախագահի ընտրության քվեարկությունը Երևանում. տեսանյութ

ԻԻՀ դեսպանատանն առաջինն իր ընտրությունը կատարեց Մեհդի Սոբհանին
Sputnik
Երևանում Իրանի դեսպանատանը եռուզեռ է. ԻԻՀ քաղաքացիները նախագահ են ընտրում։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են ընտրողները քվեաթերթիկի վրա դնում իրենց մատնահետքը, իսկ հետո քվեախցիկում գրում իրենց նախընտրած թեկնածուի անունը։
Ընտրողների շարքերում կան նաև ազգությամբ հայեր, որոնք Իրանի քաղաքացի են ու այս պահին ՀՀ–ում են։
ԻԻՀ դեսպանատանն առաջինն իր ընտրությունը կատարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8–ին և կավարտվի 19։00–ին, անհրաժեշտության դեպքում ժամերը կավելացվեն։
Այս պահին դեռևս չկա հստակ թիվ, թե Իրանի քաղաքացիներից քանիսն է մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։
Նշենք, որ Իրանի նախագահի աթոռի համար պայքարում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը:
Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո։