ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հանրային հեռարձակողի խորհուրդը կրկին մրցույթ է հայտարարել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար։ Տեղեկությունը հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ֆեյսբուքյան էջում։
Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։
Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք` հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։
Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մրցույթը համարվեց չկայացած։
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։ Խումարյանը շեշտել էր, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել «փրայմերիզի» ձևաչափով, ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց։