ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանյան 18 գինեգործական ընկերություններ իրենց 60-ից ավելի տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են «Vinexpo America» միջազգային ամենամյա ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հայ գինեգործները հունիսի 24-ին և 25-ին մի շարք հանդիպումներ են ունեցել համտեսողների, սոմելիեների, գինու ոլորտի բիզնես ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ն համարվում է գինի ներմուծող ամենախոշոր երկիրը։ Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցել են 32 երկրների ավելի քան 440 գինեգործական ընկերություններ։